Կին պատգամավորների գործունեության համեմատական գնահատում

Ի՞նչ են փաստում հետազոտության տվյալները 

«Կին պատգամավորները 5-րդ, 6-րդ և 7-րդ գումարման Ազգային ժողովում» համեմատական հետազոտության շրջանակում ուսումնասիրվել է կին պատգամավորների գործունեությունը` հետևյալ իրավունքների և պարտականությունների համատեքստում.

  • Հանդես գալ օրենսդրական նախաձեռնություններով,
  • Ներկայացնել ԱԺ որոշման, ուղերձի, հայտարարության նախագծեր,
  • Ունենալ ելույթներ, տալ հարցեր և հարցադրումներ անել Ազգային ժողովի և նրա հանձնաժողովների, ենթահանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերում,
  • Աշխատել մշտական և ժամանակավոր հանձնաժողովների կազմում:
Հետազոտությունն իրականացվել է «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում: Պատվիրատուն ՕքսԵՋեն հիմնադրամն է (Պատվիրատու), իրականացնողը` Արգումենտ Խորհրդատվական Բյուրոն (Խորհրդատու): Հետազոտությունն իրականացվել է 2021 թ.-ի ապրիլ-հուլիս ամիսներին:

Հետազոտության շրջանակում տվյալների հավաքման համար կիրառվել է փաստաթղթերի ուսումնասիրության քանակական՝ կոնտենտ անալիզի մեթոդը։ Տեղեկատվության ստացման աղբյուր են հանդիսացել www.parliament.am (ՀՀ ԱԺ պաշտոնական կայք) և www.parliamentmonitoring.am (ՀՀ ԱԺ գործունեության վերաբերյալ տեղեկատվության այլընտրանքային աղբյուր) կայքերը։ Հաշվետվությունը ներառում է ԱԺ 5-րդ, 6-րդ և 7-րդ գումարման (համապատասխանաբար՝ 2012-2017, 2017-2018 և 2018-2021թթ.) կին պատգամավորների գործունեության վերաբերյալ համեմատական վերլուծությունը։

I. Պատգամավորական կազմը՝ ըստ գումարումների
  • 5-րդ, 6-րդ և 7-րդ գումարումների ընթացքում ներկայացված են եղել 51 կին պատգամավորներ, որոնցից 40-ը եղել են միայն մեկ գումարման ընթացքում, 9-ը՝ երկու գումարման ընթացքում և 2-ը՝ 3 գումարումների ընթացքում։

  • 7-րդ գումարման ԱԺ-ում կին պատգամավորների թիվը 5-րդի համեմատ աճել է 58 %-ով, իսկ 6-րդի համեմատ՝ 35 %-ով։ Այդ նույն ժամանակահատվածում ՀՀ Ընտրական օրենսգրքում ամրագրված գենդերային քվոտան աճել է 20 %-ից 25 %:

Կին պատգամավորների բաշխումը՝ ըստ կուսակցությունների և
5-րդ, 6-րդ, 7-րդ գումարումների
II. Մասնակցությունը օրենսդրական նախաձեռնություններին
  • 5-րդ գումարման ընթացքում ընդունված օրենքներից միայն 83-ն են մշակվել պատգամավորների կողմից (8 %), մնացած 995-ը (92 %) մշակվել են կառավարության կողմից։
  • 6-րդ գումարման ընթացքում անցումը խորհրդարանական համակարգին էական ազդեցություն չի ունեցել կառավարության և պատգամավորների կողմից մշակված օրենքների համամասնության վրա, և այն գրեթե նույնն է մնացել. ընդունված 648 օրենքներից 63-ը (10 %) հեղինակել են պատգամավորները, 585-ը (90 %)՝ կառավարությունը։
  • 7-րդ գումարման ընթացքում պատգամավորների կողմից հեղինակված օրենսդրական նախաձեռնությունների թիվն աճել է. 655 նախաձեռնությունից 122-ը (19 %) հեղինակել է խորհրդարանը (պատգամավորները և խմբակցությունները), իսկ 535-ը (81 %)՝ կառավարությունը։
Կին պատգամավորների կողմից ներկայացված օրինագծեր

Պարզաբանում․ 6-րդ գումարման ընթացքում հեղինակված օրենսդրական նախաձեռնությունների համեմատաբար փոքր թիվը կապված է դրա կարճ տևողության հետ (02.04.2017-01.11.2018):


«

Երեք գումարումների ընթացքում պատգամավորների կողմից հեղինակած և ընդունված 268 օրենսդրական նախաձեռնություններից առնվազն կեսի (51%-ի) հեղինակները կամ համահեղինակները կին պատգամավորներն են:


»


  • 7-րդ գումարման ընթացքում 28 կին պատգամավորներ համահեղինակել են 4.8 օրենսդրական նախաձեռնություն (միջինում),
  • 6-րդ գումարման ընթացքում 10 կին պատգամավորներ համահեղինակել են 4.1 օրենսդրական նախաձեռնություն,
  • 5-րդ գումարման ընթացքում 12 կին պատգամավորներ համահեղինակել են 5.1 օրենսդրական նախաձեռնություն։

  • Վերջին երեք գումարումների ընթացքում կանանց 80 %-ը համահեղինակել է առնվազն 1 օրենսդրական նախաձեռնություն, մինչդեռ տղամարդկանց ընդամենը 60 %-ն է մասնակցել որևէ օրենսդրական նախաձեռնության մշակման գործընթացին։
  • 5-րդ գումարման ընթացքում կին պատգամավորների 69 %-ը համահեղինակել է առնվազն 3 օրենսդրական նախաձեռնություն, մինչդեռ տղամարդկանց ընդամենը 27 % է մասնակցել 3 և ավելի օրենսդրական նախաձեռնությունների մշակմանը:
  • 7-րդ գումարման ընթացքում կին և տղամարդ պատգամավորները գրեթե հավասար մասնակցություն են ունեցել օրենսդրական նախաձեռնությունների մշակմանը:
Ի դեպ
Վերջին երեք գումարումների ընթացքում կին պատգամավորների կողմից համահեղինակված օրենսդրական նախաձեռնություններում մասնակցության ամենամեծ ցուցանիշն ունեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնող կանայք։ Մասնավորապես, 7-րդ գումարման ընթացքում կուսակցության կին պատգամավորների 94 %-ը մասնակցել է առնվազն մեկ օրենսդրական նախաձեռնության մշակման։
Օրենսդրական նախաձեռնությունները՝ ըստ ոլորտների
Վերջին երեք գումարումների ընթացքում կանանց համահեղինակությամբ մշակված և խորհրդարանի կողմից ընդունված օրենսդրական նախաձեռնությունների
  • 14 %-ը վերաբերել է առողջապահության, սոցիալական հիմնախնդիրների, մարդու իրավունքների, այդ թվում՝ գենդերային հավասարության ոլորտներին,
  • 59 %-ը վերաբերել է պետաիրավական ոլորտին,
  • 29 %-ը՝ ֆինանսավարկային և տնտեսական ոլորտներին։

Ի դեպ
Վերջին երեք գումարումների ընթացքում կին պատգամավորների համահեղինակությամբ մշակված օրենսդրական նախաձեռնությունների 85 %-ը եղել են փոփոխություններ և լրացումներ՝ գործող օրենքներում,
10 %-ը՝ «մայր» օրենքներ են, իսկ մնացած 5 %-ը՝ միջազգային համաձայնագրեր։
III. Կին պատգամավորների մասնակցությունը հանձնաժողովներին
Նախորդ երեք գումարումների ընթացքում բոլոր կին պատգամավորները՝ բացառությամբ 2-ի, անդամակցել են մշտական և/կամ ժամանակավոր հանձնաժողովների։

Կին պատգամավորները, հիմնականում, անդամակցել են այն հանձնաժողովներին, որոնք ավանդաբար համարվում են կանանց հետաքրքրությունների շրջանակի հետ կապ ունեցող ոլորտներ, մասնավորապես բոլոր երեք գումարումների ընթացքում կին պատգամավորների ընդգրկվածության ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են հետևյալ հանձնաժողովների կազմում.


  • Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով ՝ 18 %
  • Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով՝ 16 %
  • Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով՝ 16 %
  • Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ 13 %
Ի դեպ
Թեև կին պատգամավորների ներգրավվածությունը Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում 5-րդ և 7-րդ գումարումների ընթացքում հավասար է եղել, դիտարկելով նրանց մասնակցությունը հանձնաժողովներին՝ արդյունքում ընդունված օրենսդրական նախաձեռնությունների համատեքստում, կարելի է փաստել, որ կանանց մասնակցությունը մարդու իրավունքների ոլորտի հետ կապված աշխատանքներում առավել նշանակալի է եղել 5-րդ, քան 7-րդ գումարման ընթացքում։
IV. Պատգամավորների բացակայությունները քվեարկություններից

Հատկանշական է, որ կին պատգամավորները համեմատաբար ավելի շատ են բացակայել քվեարկությունների ընթացքում, քան տղամարդիկ։

Մասնավորապես, կանանց 70 %-ն է բացակայել 101 և ավելի անգամ, իսկ տղամարդկանց՝ 50 %:


Միևնույն ժամանակ կին պատգամավորներն առավել ակտիվ ներգրավվածություն են ունեցել օրենսդրական նախաձեռնությունների հետ կապված քննարկումներին։ 7-րդ գումարման ընթացքում կին պատգամավորների 97 %-ը տվել է առնվազն մեկ հարց, իսկ տղամարդկանց 22 % որևէ հարց չի տվել։

V. Պատգամավորների ելույթները

Խորհրդարանում 7-րդ գումարման ընթացքում ունեցած ելույթների համամասնությամբ կանայք գերազանցում են տղամարդկանց։ Մասնավորապես, տղամարդ պատգամավորների 32 %-ը երբևէ ելույթ չի ունեցել, մինչդեռ, կանանց ընդամենը 7 %-ը երբևէ ելույթ չի ունեցել։ Այսինքն՝ խմբակցությունները սկսել են ավելի շատ վստահել կին պատգամավորներին՝ ելույթ ունենալ և արտահայտել խմբակցության կարծիքը տարբեր ոլորտների և հիմնահարցերի վերաբերյալ։


Խորհրդարանում կին պատգամավորների ելույթների ընդհանուր թիվը 7-րդ գումարման ընթացքում աճել է նախորդ երկու գումարումների համեմատ, ինչը պայմանավորված է կանանց թվի աճով։

Սակայն, ունեցած ելույթների միջին թվով, 5-րդ գումարման կին պատգամավորները գերազանցում են (23 ելույթ), 6-րդ (5 ելույթ) և
7-րդ գումարման (16 ելույթ) կին պատգամավորներին։

Ի դեպ
Եթե 6-րդ և 7-րդ գումարումներում ավելի շատ ելույթներ են ունեցել խորհրդարանում մեծամասնություն կազմող խմբակցությունների կին պատգամավորները, ապա 5-րդ գումարման ընթացքում ելույթներով գերազանցապես հանդես են եկել այլ խմբակցությունների ներկայացուցիչները:
VI. Պատգամավորների մասնակցությունը քննարկումներին (հարցեր)

Ընդհանուր առմամբ, տղամարդ պատգամավորները միջինում ավելի շատ հարց են հնչեցրել (մեկ պատգամավորը՝ 15 հարց), քան կին պատգամավորները (մեկ պատգամավորը՝ 12 հարց)։ Չնայած տղամարդ պատգամավորները միջինում ավելի շատ հարց են տվել խորհրդարանում՝ իրենց թվաքանակով պայմանավորված, կին պատգամավորներն առավել ակտիվ են օգտվել հարցեր տալու իրավունքից։ Օրինակ, 7-րդ գումարման ընթացքում տղամարդ պատգամավորների 51 %-ը հնչեցրել է 5 և ավելի հարց, միևնույն ժամանակ, կին պատգամավորների 77 %-ն է հնչեցրել 5 և ավելի հարց։


Ի դեպ
Համեմատելով 5-րդ և 7-րդ գումարումների ընթացքում կին պատգամավորների ունեցած ելույթների և ներկայացրած հարցերի վիճակագրությունը՝ կարող ենք եզրակացնել, որ երկու դեպքում էլ բավական մեծ ակտիվություն են ցուցաբերել խորհրդարանում մեծամասնություն չկազմող խմբակցությունների ներկայացուցիչները. 5-րդ գումարման ընթացքում՝ «Օրինաց Երկիր» և «Ժառանգություն» խմբակցությունների, իսկ 7-րդ գումարման ընթացքում՝ անկուսակցական պատգամավորները։ Ինչն էլ, իր հերթին, վկայում է այն մասին, որ մասնագիտական համապատասխան հմտություններ և փորձառություն ունեցող կանայք, անկախ կուսակցական պատկանելիությունից, կարող են մեծ ներդրում ունենալ խորհրդարանի աշխատանքում։
VII. Կին պատգամավորները՝ որպես կանանց շահերի պաշտպաններ
Ըստ հետազոտության եզրակացությունների.
  • ՀՀ ԱԺ 5-րդ, 6-րդ և 7-րդ գումարումների համեմատական վերլուծության արդյունքները վկայում են այն մասին, որ կին պատգամավորների թվի աճը 11 %-ից (5-րդ գումարում) 24 %-ի (7-րդ գումարում) նշանակալի ազդեցություն չի ունեցել որոշումների կայացման մեջ կանանց մասնակցության աճի և քաղաքական դիսկուրսի փոփոխության տեսանկյունից։ Միևնույն ժամանակ, կին պատգամավորները կարողացել են արտահայտել իրենց կարծիքը կանանց հիմնախնդիրների, գենդերային հավասարության, մարդու իրավունքների հիմնահարցերի վերաբերյալ՝ իրենց դիրքորոշումն արտահայտելով խորհրդարանում իրենց գործունեության միջոցով (քննարկումներ, հարցազրույցներ, ելույթներ)։
  • Չնայած այն հանգամանքին, որ կանայք և տղամարդիկ դեռևս հավասար ձևով ներկայացված չեն ԱԺ-ում, կանայք աչքի են ընկնում իրենց ակտիվությամբ:
  • Միջազգային փորձը փաստում է, որ կին պատգամավորներն առավել հաճախ, քան տղամարդիկ, օրենսդրական նախաձեռնություններ մշակելիս, անդրադառնում են սոցիալական և, այսպես կոչված, «կանանց հիմնախնդիրներին», և իրենց առավել պատասխանատու են համարում այդ խնդիրների բարձրաձայնման համար։ Հայաստանում անդրադարձը այս կամ այն հիմնախնդրին մեծապես պայմանավորված է տվյալ քաղաքական կուսակցության կամ խմբակցության դիրքորոշմամբ, քան տվյալ պատգամավորի, անկախ նրանից՝ այդ անձը կին է, թե տղամարդ։
  • Կին պատգամավորները խորհրդարանում բախվում են տարբեր դերային մոդելների ընտրության հիմնախնդրին։ Մի կողմից՝ գործել իրենց տղամարդ գործընկերների նմանությամբ՝ առանց ընդգծելու իրենց սեռային պատկանելիությունը, մյուս կողմից՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնել և պաշտպանել կանանց շահերը։
  • Հաշվի առնելով խորհրդարանում կին պատգամավորների օրինաստեղծ աշխատանքը, ելույթները և այլ գործողություններ, կարող ենք եզրակացնել, որ ՀՀ ԱԺ-ում կին պատգամավորի կերպարը ներառում է վերոհիշյալ երեք դերային մոդելները՝ հետևյալ հերթականությամբ.
    • խորհրդարանում կին պատգամավորները, նախ և առաջ, «կուսակցությանը հավատարիմ մարդիկ են», որոնք, հիմնականում, գործում են որպես կուսակցության ներկայացուցիչ և արտահայտում են խմբակցության ղեկավարի կարծիքը։ Չնայած խորհրդարանում կանանց թվի աճին, խմբակցությունները շարունակում են նշանակալի ազդեցություն ունենալ պատգամավորների գործունության և որոշումների կայացման վրա,
    • երկրորդ հերթին, կին պատգամավորները առաջնահերթություն են տալիս իրենց օրենսդիր գործունությանը, մասնակցությանը բանավեճերին և տարբեր հանձնաժողովների աշխատանքներին,
    • և միայն երրորդ տեղում նրանք հանդես են գալիս որպես «ընտրատարածքի համար աշխատողներ»։
  • Չնայած այն հանգամանքին, որ կին պատգամավորների գործունեության 10-20 %-ը առնչվում է կանանց հետ կապված և գենդերային հիմնախնդիրների հետ, կանանց շահերի պաշտպանությունը պատգամավորների առաջնահերթությունների մեջ չէ։
  • Կանանց շահերի պաշտպանությանը մեծապես նպաստում է կին պատգամավորների (և ընդհանուր առմամբ խորհրդարանի) համագործակցությունը ՔՀԿ ոլորտի ներկայացուցիչների հետ, որը հատկապես աճել է 7-րդ գումարման ընթացքում՝ 2019 թվականին համտեղ հուշագրի ստորագրմամբ ստեղծված ԱԺ-ՔՀԿ համագործակցության հարթակի շնորհիվ։

ԱԺ–ՔՀԿ հարթակի շրջանակում ՀՀ օրենսդիր իշխանության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները փորձել են համատեղել իրենց ջանքերը՝ կանանց և տղամարդկանց իրավունքների և հնարավորությունների իրական հավասարությունն ապահովելու ուղղությամբ:

2019-2021 թթ. ընթացքում հարթակի շրջանակում 16 հանդիպումներ են կազմակերպվել տարբեր թեմաներով, որոնց արդյունքում.

  • 13 առաջարկություններ վերածվել են օրենսդրական նախաձեռնությունների և ընդունվել,
  • 10 առաջարկություններ այլ լուծումներ են ստացել կամ ընթացքի մեջ են։

«

Կին պատգամավորների ակտիվությունը խորհրդարանում նպաստում է կանանց առաջնորդության հետ կապված կարծրատիպերի հաղթահարմանը և լրացուցիչ նախադրյալներ է ստեղծում կանանց քաղաքական մասնակցության ընդլայնման համար։


»
Made on
Tilda